Ես մտածում եմ, որ օրը կարևորվում ու տոն է դառնում, երբ դրա մեջ իմաստ և բովանդակություն ենք դնում։ Ցավոք մեր տոներից շատերն ինքնանպատակ են՝ նվեր տալու, ուտելու, առևտրի ու թոհուբոհի տարբեր տարրերը գերակշռում են՝ մթնեցնելով, կորցնելով բուն տոնի, ծեսի բովանդակությունը։

Կնունքի ծեսի խորհուրդը՝ խոնարհություն ու հեզությունը, աստծո հետ զրույցը, վերածվում է ռեստորանային տաշիների, բաց զգեստների ու խաչով տորթերի։ Շարքը՝ շարունակական է․․․

Մեզ խորհուրդ ու բովանդակություն է պետք․․․

Մեր ծեսերն ու տոները վերարժևորման կարիք ունեն․․․Ձևը չպետք է ուտի բովանդակությունը․․․Ձևը խեղդում է մեզ։

Հանրային ճաշակն անկում է ապրում՝ օր օրի մեր կյանք բերելով ռաբիս նյութի մշակույթը։

Տոն ու ծես նշել՝ ցուցադրելու ու նկարվելու համար։ Մեդիատիրույթը լցված է ոչ թե խորհուրդ, սեր ու մշակույթ փոխանցող նկարներով, այլ՝ սեղանների, սրճարանների, շորերի ցուցամոլության շքերթներով։

Առանց խորհուրդ ու իմաստ ձև դառնում է ինքնանպատակ։

Մեզ վաղուց գաղափարն ու խորհուրդը չի միավորում, ոգևորում։

Ամեն մարդ կարող է փոխել իրեն ու իր կյանքը․ իր օրինակով նոր մշակույթ ու մոդել ստեղծել։ Էդպիսի մարդիկ կշատանան ու․․․

Գրքի տոնն ինձ համար իմ տոնն է․ ես այդ օրը պարտադիր կարդում եմ։ Այո՛, իմ ուզած գիրքը կարդալու օրերն ինձ համար տոնական օրեր են․ այդպես է ստացվել։ Օրերս բազմազբաղ են․ ինձնով ու իմ հետաքրքրություններով զբաղվելու ժամանակ քիչ է լինում։ Այդ օրը քիչ եմ կարդում, հատվածաբար ու պարտադիր մտածում կարդացածիս մասին։

Տղաներիս ոչ միշտ եմ գիրք նվիրում․ եղած գրքերը նախ կարդալ է պետք։ Ինքնանպատակ ու ձևական գնումներին, տունը գրքերով լցնելուն կողմ չեմ։ Գիրքը կարդալու համար է։

Գրքեր նվիրում եմ տարվա ընթացքում․ տարբեր առիթներով սովորաբար գիրք եմ նվիրում։ Կոնկրետ այդ օրը չեմ նվիրում։ Չեմ կարող ինձ այդքան ծախս թույլ տալ մեկ օրում։

Աշխատում եմ, որ ընտանիքով մի թեմա քննարկենք, գիրք ու գրականությունից խոսենք։ Տղաներս գրքից խոսեն, կարևորեն։

Սովորողներիս հետ տարբեր տարիներ տարբեր շեշտադրումներ եմ առաջ քաշել։ Կարդալու կարևորության, կարդացածի շուրջ մտածելու, քննարկելու, բանավիճելու մասին միշտ եմ խոսել։ Կոնկրետ այդ օրը և՛ ընթերցումներ, և՛ թափառումներ շատ են եղել, բայց հասկացել եմ նաև, որ 21-րդ դարի պատանուն պետք է թողնել, որ ինքն ընտրի, առանձնանալ ու մտածել է պետք։

Այդ օրը պարտադիր և՛ընթերցանության նյութեր, և՛ նոր գրքերի շնորհանդեսների էջեր եմ ուղարկում, խրախոսում, որ մասնակցեն։

Ամեն մարդ տոնի իր խորհուրդը պիտի ստեղծի։