Գրքի խմբագրի գրառումներից․․․

Փոքր քաղաք, հասարակ մարդիկ ու մարդկային կյանքեր, որոնք տարբեր թելերով կապված են միմյանց հետ։

Մարդիկ, ովքեր ապրել են իրենց կյանքը ու վերջապես կարողացել սեր գտնել։

Բարդ ճակատագրեր․ հետաքրքիր ու յուրօրինակ կանայք՝ բարդ, խճճված կյանքով, առօրյայով։ Կանայք, որոնց միավորում է մեկ տղամարդ՝ Սիմոնը։ Սիմոնը մարդ է, որը սիրել գիտի։ Մարդ, որը կարողացել է սիրել վեպում հանդիպող հինգ կանացից յուրաքանչյուրին։ Հետաքրքիրն այն է, որ այս տղամարդը չի կեղծել․ կյանքի յուրաքանչյուր փուլում հավատացել է, որ հենց այդ կինն է միակը։ Կարողացել է սիրել անմնացորդ ու պոետիկ՝ սիրուն սիրել ու սիրուն բաժանվել։

Գրողը սովորական կնամոլի կերպարն այնքան նուրբ ու հետաքրքիր է ստեղծել, այնքան գեղարվեստ հաղորդել, որ դու չես մտածում, որ Սիմոնը սովորական կնամոլ է, մտածում ես, որ մարդ է, որը պարզապես այդպիսին է։ Ինքը մեղավոր չէ, որ այդպիսին է․ ոչ մեկին մտածված չի ցավեցնում, ստորություն չի անում, միայն սիրում է։ Պարզ է, որ բարդ է կողքիդ նման տղամարդ ունենալը, պարզ է, որ Սիմոնի կինը ողբերգական տարբեր փուլերով է անցել։ Միաժամանակ պարզունակ են այն հարցերը, թե կուզեի՞ր կողքիդ էդպիսի տղամարդ լիներ, որ գովում ես Սիմոնին։ Գրական կերպար ենք վերլուծում․ ամուսին ընտրելու գործընթացն այլ փուլեր է ենթադրում։ Որպես կերպար՝ Սիմոնը ստացված է ու սիրելի․ օժտված հայ տղամարդուն բնորոշ լավագույն հատկանիշներով՝ ազնիվ, առատաձեռն, բարի, ուշադիր, սրտացավ, աշխատասեր։ Սիմոնը մարդ է, որ ապրում է արվեստասերի կյանքով ու սիրում արվեստասերի պես․ իր կյանքում հանդիպած բոլոր կանանց իբրև արվեստի ստեղծագործությունների է մոտենում՝ որպես եզակի, յուրօրինակ ու բացառիկ։ Կանանց հենց դա է գրավում։ Իրենց կյանքի ամենածանր ու բարդ փուլերում Սիմոնի հետ կապն օգնում է ապրել՝ կին զգալ ու սիրել։ Սիմոնն այդ կանանց կյանք է բերում։ Ոչ մեկին ոչ մի խոստում չի տալիս, ոչինչ չի ուզում, սիրում է ու հիանում։

Փոքր քաղաքում ապրում են սովորական մարդիկ, որոնք ոչ սովորական ճակատագրեր ունեն, սիրում են ոչ սովորական սիրով ու ապրում ոչ սովորական կյանքով։

Սիմոնը պարտադիր կարդալու վեպ է։

Իմ խոսքը՝ 12։35 րոպեից․