Ծրագրի նկարագրություն

Հայոց լեզվի ծրագիրն ուղղված է անհատի կրթական պատվերի բավարարմանը, անհատի հնարավորությունների, լեզվական պահանջմունքների բացահայտմանը, զարգացմանը: Ծրագիրն ուղղված է անհատ սովորողի լեզվագործունեության հմտությունների զարգացմանն ու դրանց կիրառմանը:

Կարևոր է հասկանալ, որ հայոց լեզուն՝ այս դեպքում մայրենի լեզու է, որ գործածվում է տանը, դպրոցում, այլուր: Լեզուն չի կարող քարացած ու անկենդան կառույց լինել՝ այն զարգանում է անընդհատ գործածվելով ու լեզվական անընդհատ գործունեության միջոցով:

Հայոց լեզվի ծրագիրը նաև լեզվի անաղարտությանը, ժամանակակից ու կենդանի, գրական ու գրագետ հայերենով ուսուցումն է՝ գրագետ հայալեզու միջավայրի ապահովումը:

Նախատեսվում է շաբաթական 4 ժամով (136 ժամ տարեկան)
Ուղղված է 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի սովորողներին
Դասընթացի մասնակցից պահանջվում է առարկայով հետաքրքրվածություն, ուսումնասիրելու, միտք ձևակերպելու հմտություններ։

Լեզվաբանությունը ուսումնասիրության իր տիրույթում ունի նաև մտածողությունը։ Երբ մարդ իր բնույթն ուսումնասիրելու համար հետազոտում է իր մայրենի քերականության սկզբունքները, չի կարող հեռու մնալ սոցիոլոգիայից, հոգեբանությունից, ընդհանրապես մարդաբանությունից։ Նույն մակերեսով հնարավոր է հասկանալ նաև օտարներին, նրանց բնավորությունը և գործողությունների խորքային դրդապատճառները՝ ուսումնասիրելով այդ օտարների քերականությունը։
Քերականությունը, ինչպես նաև բնավորությունը, մանավանդ ազգային բնավորությունը ավելի հեշտ և հետաքրքիր է ուսումնասիրել հենց համեմատությունների միջոցով, ինչը տարբերությունների ընդգծումով ավելի հիշվող է դառնում։

Համեմատություններին հասնելուց առաջ, սակայն, հարկավոր է  հանգամանալից ուսումնասիրել մայրենի լեզուն, ինչի համար առաջարկում եմ հետևյալ ծրագիրը։

  1. Տեքստ։ Կառուցվածքը, հիմնական գործառական ոճերը։ Գեղարվեստական և գիտական տեքստերի տարբերությունը։ Հրապարակախոսության առանձնահատկությունները։ Խոսք։ Խոսքի նպատակահարմարություն և դրա ընտրությունը։ Տարբեր ոճերի տարրերի նպատակային կիրառությունը միևնույն խոսքում։ Խոսք-գործողություններ։ Խոսքային մանիպուլյացիա։ Դրա անվտանգ կիրառության միջոցները։ Խոսքի տեմպ և հետաքրքրության առաջացում։
  2. Շարահյուսություն։ Նախադասություն, խոսք, տեքստ։ Նախադասության տեսակները, պարզ նախադասության անդամները, դրանց կապակցումը, կետադրությունը։ Դերբայական դարձված, դրա ոճական կիրառությունը։ Բարդ նախադասության տեսակները։ Համազոր նախադասություններ, դրանց կապակցման միջոցները։ Գերադաս և ստորադաս նախադասություններ։ Երկրորդական նախադասության շարահյուսական պաշտոնը։ Երկրորդական նախադասության հոմանիշությունը դերբայական դարձվածին։ Ներգործական և կրավորական կառույցի նախադասություններ։ Նխադասությունների տեսակներն ըստ երանգի։ Տարբեր ամբողջական կառույցների նպատակային կիրառությունը։ Գրավոր և բանավոր տեքստերի մեջ նախընտրելի կառույցներն ըստ խոսքի նպատակի։
  3. Ձևաբանություն. Խոսքի մասերը. Նյութական իմաստ, քերականական իմաստ և վերաբերություն արտահայտող խոսքի մասեր։ Դրանց քերականական կարգերը, կիրառությունը խոսքի մեջ։
  4. Բառապաշար. Բառապաշարի շերտերը՝ հնաբանություններ, նորաբանություններ, բարբառներ, ժառգոն, արգո, փոխառյալ բառեր, օտարամուտ բառեր։ Մենիմաստ, բազմիմաստ, համանուն բառեր։ Հոմանիշներ, հականիշներ։ Կայուն կապակցությունները (դարձվածքներ, շրջասություններ, թևավոր խոսքեր և այլն) ՝ որպես բառային միավորներ։ Բառապաշարի ոճական նշանակությունը։
  5. Քերականություն, քերականության բաժինները։ դրանց կապը միմյանց հետ։ Հնչունաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն, հնչյունափոխություն։ Օրինաչափություններ և բացառություններ։ Ուղղագրական սխալների հավանական աղբյուրները։
  6. Նախագիտելիք. Լեզվաբանություն, դրա բաժինները։ Լեզվաբանության դերը գիտությունների շարքում, ամենահետաքրքիրը լեզվաբանության մեջ։ Հայոց լեզվի մասին նախագիտելիք. Հնդևրոպական լեզվաընտանիք, հայոց լեզուն՝ որպես ինքնուրույն ճյուղ, հայոց լեզվի զարգացման փուլերը։ Արդի վիճակը։

Գործունեության ձևերը-

  • Հետազոտական աշխատանքներ, համեմատություններ այլ լեզուների կառույցների հետ։ Օրինաչափությունների և բացառությունների արձանագրում։
  • Ուսումնասիրություններ, հայտնի լեզվաբանների աշխատությունների ընթերցումներ և ներկայացում։
  • Գործնական աշխատանքներ (նյութի ուսումնասիրում, դրա արտահայտության որոնում տեքստերում, համապատասխան օրինակի ինքնուրույն կազմում)։
  • Թարգմանություն՝ մայրենիի մշակման և համեմատության համար։

Մեդիամիջավայրը`

Հեռավար ուսուցման կազմակերպումը, ծրագիրը

Անհատականացված ծրագրային բաղադրիչ՝ հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

  • տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).
  • թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).
  • աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).
  • աուդիո-, տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).
  • ուսումնական այլ նյութերի ստեղծման և օգտագործման, ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման համար` Smart Notebook, MS Power Point, նման այլ.
  • էլեկտրոնային օրագրի, նշումների գրքի տարբերակներ (ինչպես MS Onenote):

Դասավանդողի, դասարանի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի, գրականության ուսուցչի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։

Բլոգի բովանդակությունը.

  • իրականացվող ուսումնական ծրագրերը.
  • իրականացվող ուսումնական նախագծերը.
  • ծրագրով որոշված մեդիափաթեթների հղումներ.
  • անհրաժեշտ տեսական գրականություն՝ լեզվաբանություն, դասագրքեր (վերնագրեր, հղումներ, խորհուրդներ).
  • դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր (օրինակ՝ առանձին թեմաներով ինտերակտիվ դաս, խոսքային ընդհանուր սխալների ուղղում), մեթոդական հոդված, թարգմանություն.
  • ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.
  • ինքնակրթությամբ զբաղվող սովորողների լեզվաբանական,  հարցերի և դրանց պատասխանների բաժին
  • դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Բլոգում կարող են լինել նաև անհրաժեշտ առցանց բառարաններ (հղումներ)՝ բացատրական, արմատական, հոմանիշների, հայկազյան, ուղղագրական, թարգմանչական՝ անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն (կարող են լինել նաև այլ լեզուներով բացատրական բառարաններ:

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի:

Լեզվաբանական խնդիրներ, թարգմանության և խոսքի մշակման աշխատանք, նաև ավարտական քննության նախապատրաստական աշխատանք։

Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն, տնային աշխատանքի նախագծեր)

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի.

  • սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը.
  • վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը
  •  աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը,
  • ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը.
  • ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Ուսումնական նյութը պետք է.

  • համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ
  • լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ.
  • պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակի խնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական)
  • անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր)

Գնահատումը
Գնահատման գործընթացն ունենում է երեք մասնակից՝ սովորող, ծնող, ուսուցիչ։ Գնահատման ձևերից կարևորվում է հատկապես սովորողի ինքնագնահատումը։ Սովորողը գնահատում է իր ամսական կատարողականը՝ դնելով կատարված առաջադրանքների հղումները։ Այս ընթացքում, հղումները տեղադրելիս, սովորողը պարզում է նաև իր չկատարած առաջադրանքների քանակը, որն էլ հնարավորություն է տալիս նրան առավել օբյեկտիվ գնահատել իր աշխատանքը։ Ծնողը, իր երեխային գնահատելիս, նույնպես հենվում է երեխայի արած առաջադրանքների վրա։ Ուսուցիչը գնահատում է կատարած աշխտանքների որակը, ճշգրտությունը, մանրամասնությունը և այլն։ Ուսուցչի գնահատականը , եթե այն տարբերվում է սովորողի, ծնողի գնահատականից, ունենում է բացատրական նկարագրություն։

Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար։ Գնահատականը (խոսքով, թե թվանշանով) պիտի փաստարկված և սովորողին հասկանալի լինի։ Դա պետք է նաև նրա համար, որ սովորողը հետո, ցանկության և հնարավորության դեպքում, կարողանա փոխել գնահատականը։ Հրապարակված շարադրությունները (փոխադրությունները, թարգմանությունները, կարծիքները), տեսա-, աուդիոնյութերը  գնահատվում են խոսքով` արձագանքով, ընդ որում արձագանքում են ընկերները, մայրենիի և այլ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ, էլեկտրոնային էջի այցելուներ։
Հետազոտական-ստեղծագործական առաջադրանքների կատարումը գնահատվում է ըստ առաջադրանքի գնահատման կարգի: Այդ աշխատանքի արդյունքները կարող են հրապարակվել նաև էլեկտրոնային ամսագրերում:

Սովորողի ուսումնական աշխատանքի կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով:  Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։

Բովանդակային միջուկը

2020-2021 թթ. նախագծեր, անհատական աշխատանքի թերթիկներ

Ուսումնական օրացույց

Ուսումնական օրացուցային տարեկան նախագծերը

Ուսուցչի անհատական օրացույց

Հեղինակային կրթական ծրագրի իրականացման իմ մեթոդական ուղեցույցը

Իմ բլոգի, համացանցի այլ ուսումնական նյութեր

Շաբաթվա աշխատադարաններ