ծծծՄանկություն, հուշեր. ներկայացնում եմ ոչ ճշգրիտ՝ հիշողությամբ…

Մայրական կողմից տատս՝ Սուսանա Ղազարյանն աշխատում էր Ազգային ռադիոյում՝ հաղորդավար էր, խմբագիր, բաժնի վարիչ: Ծանոթությունների լայն շրջանակ ուներ. ես էլ հաճախ էի իր հետ աշխատանքի գնում, տարբեր մարդկանց էի հանդիպում:

Արդեն չէր աշխատում, բայց շատերն էին ուզում տատիկիս հետ շփվել՝ հետաքրքիր, խելացի, հումորով կին էր. էդպես էլ մի օր Հովհաննես Գրիգորյանի հետ ծանոթացրեց: Ասաց՝ գրող է: Այն ժամանակ ինձ համար անհայտ մեկն էր: Ավելի ուշ կարդացի:

Տատս ինձ գովել սիրում էր, Գրիգորյանին ասաց, որ լավ եմ գրում, այդ օրերին ինչ-որ մրցույթում էի հաղթել (հիմա հաստատ չեմ հիշի), տպագրվել, խնդրեց, որ կարդա, կարծիք ասի:

Կարդաց. տետրս թերթեց, մի քանի բան կարդաց: Հիմա ինչ գրում եմ, հիշողությամբ եմ գրում, շատ բաներ մոռացել եմ, շատ բաներ գրում եմ այնպես, ինչպես տպավորվել է. այն ինչ ընկալել, վերցրել եմ:

Ապշեց: Էս ինչքան ես գրում՝ բա դու մեղք չես, աչքերդ կփչացնես:

Լավ հիշում եմ, մի տեքստ էր, վերնագիրը՝ Երբ ես մահանամ…Կարդաց, ժպտաց:

-Էս ինչու ես ուզում մահանալ:

Պատասխանեցի, որ չեմ ուզում:

-Բա ինչու ես գրել:

-Դե թեման է էդպիսին, գրել եմ Տերյանի նմանությամբ՝ լացկան-տխուր:

Պատասխանեց.

-Է, չեղավ, բա Տերյանը լացկան է, չեղավ, չէ…

-Դե տխուր է:

-Ախր ամեն տխրություն չէ, որ տերյանական է, ամեն լաց չէ, որ պոեզիա է, ամեն գիր չէ, որ արժե գրել: Քո նման գրիր՝ ջահելավարի՝ քեզնից ու քո կյանքից, եթե քեզնից չի ստացվում, մի գրիր՝ տես ինչքան գրող կա, կարդացող չկա: Լավ է նորմալ կարդացող լինել, քան աննորմալ գրող:

Հետո մի քանի բան էլ կարդաց, ասաց.

-Չխաբես, չկեղծես, որտեղ չես կեղծում-նմանակում, ասելիք կա, չվախենաս՝ դու դու ես ու գրավիչ ես, չմոռանաս:

Հետո տատուս հետ էին զրուցոմ:

Հրաժեշտից հետո տատս ասաց՝ ազնիվ տղա է, հումոր ունի, անհումոր տղայի հետ չամուսնանաս, անհումոր մարդը բանի պետք չէ:

Տպավորվել է…