Մարդն ինքն է իր համար պարիսպներ ու պատնեշներ ստեղծում:

Ազատ մարդը՝ ամեն օր ու ամեն ժամ կոտրում է իր մտքի, հոգու պատնեշներն ազատագրվում բարդույթներից, կարծրատիպերից: Մենք ազատ մարդիկ ենք: Ուզում ենք ազատ երեխաներ, ազատ հասրակություն ունենալ, դժվար է ասել:

Անազատ ապրելը հեշտ ու հարմար է:

Միշտ գիտես՝ ինչը ում վրա գցես, սեփական սխալներիդ մեղքն ում վրա բարդես:

Երբ ազատ ես, ստիպված ես ընդունել, տեսնել քո սխալները, դրանց համար մեղավոր քեզ ճանաչել, հաղթահարել ու առաջ անցնել:

Անազատ մարդն առաջ անցնելու կարիք չունի:

Առջևում վտանգներ են՝ անիմանալի, անհայտ մարտահրավերներ: Իսկ էսպես՝ ապրում ես քո գծած, կամ քեզ համար գծած քառակուսու մեջ ու ամեն ինչ անքան պարզ է, կանխատեսելի:

Կանխատեսելի էր, պարզ չափորոշիչների, առարկայական ծրագրերի շուրջ ստեղծված այս աղմուկը: Հաճախ արհեստական, ոչինչ չասող, միմյանց ջրաղացին ջուր լցնող-ջուր խլող:

Խոսակցությունից, որտեղ չի երևում սովորողը՝ անհատը, որտեղ չկա անհատի ընտրությունը: Կան ճաղեր՝ այս դեպքում ցուցակների, առարկայացանկերի տեսքով, չկա մարդակենտրոն հայեցակարգ: Ազատ մարդկանց համար ստեղծված պետական փաստաթղթեր չեն. պարիսպներ են սովորողի, ուսուցչի, նախարարության միջև:

Հանրային քննարկումը ևս մի պարիսպ է՝ անպատրաստ քննարկում, որն իրականության մեջ քննարկում չէ, այլ՝ ներկայացում: Որն ուղղված է ոչ մեկին: Չկան քննարկում անցկացնելու մեխանիզմներ, տեսլական, կոնկրետ թիրախային խմբեր, նպատակային-կառուցողական քննարկումներ:

Մենք ապրում ենք այնպես, ինչպես հեշտ է ապրել: Էսպես հեշտ է: Կտրվի ծրագիր, կմշակվի չափորոշիչ…դպրոցը՝ ուսուցիչ, սովորող դարձևալ կօտարվեն, կբողոքեն, թե դրանք լավը չեն, ամեն նչ կմնա թղթի վրա ու մարդիկ կանեն այնպես, ինչպես իրենց հարմար է: Ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես կար՝ ինչպես հարմար է:

Ոչ մեկը չի դառնա ստեղծող ու հեղինակ, առաջ չեն գա անհատներ: Ինչու: Հարմար է: Ուսուցիչ, սովորող, տնօրեն, նախարարություն պարիսպը միշտ կանգուն կմնա, որովհետև այս օղակները համագործակցության եզրեր չեն փնտրում, այլ՝ օտարման, որովհետև կան վերևներ ու ներքևներ, որովհետև մարդկան գաղափարն ու գործը չեն, որ միավորում են:

Պարիսպները կբաժանեն կրթական հաստատությունները, որովհետև էդպես հեշտ է ապրելը, էդպես ենք սովոր, իսկ սովորույթի ուժը հզոր ուժ է: Էդպես կմնանք մեր փակ համակարգում, էդպես դուրս չենք գա, չենք խոսի՝ մեզ չեն տեսնի, մենք չենք տեսնի:

Պարիսպներն ամենուր են. դրանք վտանգավոր են դառնում: Դրանց մեջ կորչում է ստեղծագործ միտքն ու կամքը, դրանք մարդուն անտեսանելի-անորսալի են դարձնում:

Նկարներում Ազատաշենի Միջնակարգ դպրոցն է, անպարիսպ է, եթե պարիսպ ունենար, ես չէի տեսնի այն, ինչ տեսնում եմ…Հսկայական անխնամ հողատարածք…

Պարիսպները թաքցնում են…

thumbnail_20200729_182653

thumbnail_20200729_182523

thumbnail_20200729_182345

thumbnail_20200729_182351

 

thumbnail_20200729_182646 (2)